ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍԻՐԱՔ

ՍԻՐԱՔ
06.10.2009 | 00:00

Իմաստունի գիտությունը հեղեղի նման կսաստկանա, և նրա խորհուրդներն ակնաղբյուրի նման են։ Տգետի փորը նման է ծակոտկեն ամանի. ոչ մի գիտելիք այնտեղ չի մնա (21. 16,17)։
Թեև սույն գրվածքը պատկանում է երկրորդականոն գրքերի շարքին, այդուհանդերձ, դեռևս վաղ քրիստոնեությունում նկատվել է չափազանց ուսանելի իմաստություն և բարեպաշտություն փնտրողների համար, և իբրև այդպիսին` ամենամատչելին ոչ միայն պատանեկության (Առաքելական 85-րդ կանոնը), այլև նորադարձների (ս. Աթանաս Ալեքսանդրացու 39-րդ զատկական քարոզը) համար։ Իսկ ս. Հովհաննես Դամասկացին գիրքն անվանում է «գեղեցիկ և հույժ շահեկան»։ Այս բանը, ի դեպ, վավերացվել է նաև մեզանում` Սիոն կաթողիկոսի օրոք` 768 թվին գումարված Պարտավի ժողովի կողմից, որն իր ԻԴ կանոնում այս գիրքը շահեկան է համարում հատկապես պատանիների համար. «Առ ի յուսուցանելոյ զձեր մանկունս զուսումն բազմամասն»։
Ի տարբերություն մյուս ոչ կանոնական գրվածքների, որոնց հեղինակներն անհայտ մնացին, սույն գրքի հեղինակն իրեն անվանում է երուսաղեմցի Հեսու որդի ոմն Սիրաքի (Ծ 29, ԾԱ 1): Կարևորագույն ձեռագրերը խորագրված են՝ «Սիրաքի որդի Հեսուի իմաստությունը» կամ «Սիրաքի իմաստությունը»:
Նույն գրքից տեղեկանում ենք, որ Սիրաքի որդին (ապրել է Ք.ա. մոտ 200 թ.) Երուսաղեմի անվանի անձանցից մեկն էր, երիտասարդ օրերից օրենքին սիրով հակված օրենսգետ, որն իր մտահայեցողության արգասիքով (ԼԵ 19), փորձով և դպրոցի հիմնադրմամբ (ԾԱ 23) ջանացել է օգտակար լինել ուրիշներին (ԻԴ 37) և մանավանդ՝ քաղաքի երիտասարդության սերուցքին: Իմաստությունը սիրով ուսումնասիրելուց հետո (ԾԱ 13-30), նա շատ բան է սովորում դեպի արևմտյան երկրներ կատարած իր ճանապարհորդություններից (ԼԱ 9-12), որոնք, հավանաբար, կիսապաշտոնական գործուղումներ են եղել (ԼԹ 4-5): ՈՒղևորության ընթացքում բազմիցս ենթարկվում է փորձությունների և Աստծու օգնությամբ փրկվում (ԼԱ 13): Այնուամենայնիվ, թվում է, որ նա ապրել է երջանիկ, խաղաղ ու բարեկեցիկ կյանքով՝ շրջապատված առաքինի կնոջով (ԼԶ 21-27) ու երեխաներով, որոնց դաստիարակել է վճռականության ոգով՝ ապագայում դժվարություններից խուսափելու համար (Լ 1-13): Նրա խորհուրդների եղանակը մեզ դրդում է մտածելու, որ հեղինակը Երուսաղեմում մեծ պաշտոն է զբաղեցրել (ԼԹ 4):
ԳՐՔԻ ՆՊԱՏԱԿԸ
Ալեքսանդր Մեծի նվաճումներն աշխարհի առաջ բացեցին քաղաքակրթության մի տեսակ, որի էությունն ամփոփ ձևով սահմանվում է «հելլենիզմ» բառով: Շուտով այս նոր ապրելակերպը որդեգրելու հակվածությունը տարածվում է ողջ աշխարհում: Հելլենիստական քաղաքակրթությանը, սակայն, բնորոշ էին առանձնահատկություններ (մշակույթների համաձուլում, կրոնական հաշտվողականություն, ռասաների ու կրոնների սահմանների վերացմանն ուղղված համապարփակություն, բնության ուժերի փառաբանում և մարդու պաշտամունք), որոնք սպառնում էին հրեական կրոնի գոյությանը: Սիրաքի որդին հակված էր ընդունելու ոչ միայն որոշ հունական սովորություններ, այլև ստոիկյան փիլիսոփայության որոշ հասկացություններ, բայց նա գիտեր, որ այս նոր գաղափարական և բարոյական հոսանքը կարող էր վիճարկել հրեական կրոնի որոշ էական պահանջները. նայեցե՛ք հին ազգերին և տեսեք` ով հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ` ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ` ո՞վ կանչեց Տիրոջը, և Նա անտես արեց նրան։ Արդարև, Տերը գթած է և ողորմած, ներում է մեր մեղքերը և փրկում է մեզ նեղության ժամանակ (Սիրաք Բ 12-14): Նա կիսում էր բազմաթիվ երկյուղած հրեաների տագնապը և սպասում այս երկու աշխարհայացքների խաղաղ գոյակցության ավարտին:
Սիրաքի որդին, հասկանալով այս վտանգները, իր ստեղծագործության մեջ փորձում է պաշտպանել հրեության կրոնական ու մշակութային ժառանգությունը, նրա հայացքներն Աստծու և աշխարհի նկատմամբ, նրա աստվածընտրյալ լինելը: Նա փորձում է համոզել իր հավատակիցներին, որ Իսրայելը (որ հայտնութենական օրենքի մեջ ճշմարիտ իմաստություն ունի) բնավ կարիք չունի ձգտելու հունական մտքի և քաղաքակրթության նվաճումներին՝ դրանցում առկա խառնաշփոթության պատճառով: Հենվելով իր անձնական փորձառության վրա՝ նա իր նպատակին հասնում է ավանդական կրոնի ու ընդհանուր իմաստության համաձայնեցմամբ: Սա իր կրոնին հավատարիմ մնալ ցանկացող հրեայի վարքագծի ամփոփումն է, որը հունարենի թարգմանիչն ընդհանրացնում է բոլոր «պանդուխտների» համար, «որոնք նույնպես ցանկանում են լինել իմաստության բարեկամները, շտկել իրենց բարքերը և ապրել Օրենքի համաձայն» (34-35): Չնայած ներսից գործող հեթանոսության հուժկու ազդեցությանը, ընտրյալ ժողովուրդը պետք է զգուշանա հելլենիստական քաղաքակրթությանն անձնատուր լինելուց, որը ստիպում է նրան կորցնել իր առանձնահատուկ ինքնությունը (տե՛ս Ա. Մակ. Ա 11-16): Այս նոր վտանգի դիմաց վերոհիշյալ գիրքը համարվում է հրեական ավանդության հակակշիռը և ուղղված է նրան, ով անկեղծորեն կամենում է այս փոփոխական աշխարհում ընթանալ հրեային հատուկ վարքով: Սիրաքի որդին խորաթափանց պահպանողական է, որը ցանկանում է փրկել էությունը և ստույգ կերպով մատնանշում է այն: Նա գիտի, որ օգուտ չկա նոր իրավիճակների անտեսումից:

ՍԻՐԱՔԻ ՈՐԴՈՒ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս ներածության մեջ սահմանափակվելու ենք գրքի հիմնական գաղափարների քննությամբ, որպեսզի բացահայտենք նրա նոր՝ ինքնատիպ գծերը: Գիրքն արծարծում է կյանքի բազմաթիվ կողմերը, ինչպես՝ ընկերություն, ազնվություն, երեխաների դաստիարակություն, կանայք, բժիշկներ, հիվանդներ, հարստություն, աղքատություն, ծառա, խնջույք, խրախճանքի մեջ իրեն պահելու կանոններ, Իսրայելի հին պատմություն, զոհաբերություններ, պաշտամունք, Աստված, օրենք, արարչագործություն, մարդկային ազատություն և մահ:
Սա նախ և առաջ գիրք է իմաստության մասին (Ա 1-10), որն ի հայտ է գալիս որպես Իսրայելի հին ավանդության ժառանգորդ: Սիրաքի որդին կրել է «Հոբ» գրքի ազդեցությունը, բայց մեզ թվում է, որ նա նախ և առաջ «Առակաց» գրքի մեկնիչն է (տե՛ս ԺԸ 29). նա մեկնում է իր նախորդի մի կիսատողի մեջ համառոտագրված միտքը և ծավալվում նրանում: Բայց այստեղ նոր բան կա. անցյալ իմաստությունը, որ ժամանակային սահմանափակումից դուրս է ու համապարփակ, այստեղ երևում է Իսրայելի պատմության առնչությամբ, ինչպես դա տեսնում ենք հայրերի ներբողի մեջ (ԽԴ 1 - ԽԹ 16), ու երբ հեղինակը ԻԴ գլխում անձնավորում է իմաստությունը, որը մենք կարող ենք նմանեցնել «Առակաց» գրքի Ը և «Հոբ» գրքի ԻԸ գլուխներին: Գուցե հելլենիստական քաղաքակրթության հարուցած հարցերին պատասխան տալու հեղինակի հոգածությո՞ւնն է ստիպել նրան համեմատել իմաստությունը Սինա լեռան վրա Իսրայելին Աստծու շնորհած օրենքի հետ (ԻԳ 32-33): Իմաստունն ու արդարն այսուհետև միավորված են մի անձի մեջ, որը գործում է Աստծու կամքի համաձայն և երկյուղում է Նրանից:
Ակնհայտ է, որ Սիրաքի որդին սատարում է օրենքը, բայց սխալ է ի դեմս նրա կրոնի օրինավոր առաքյալ տեսնել: Բանն այն է, որ Աստծու և մարդկանց հանդեպ Նրա հարաբերության վերաբերյալ Սիրաքի որդու հայացքների մեջ, որոնք ավելի շատ կառուցված են անձնական փորձառության, քան տեսական մտահայեցողության վրա, դյուրությամբ բացահայտվում է նրա իրական բարեպաշտությունը: Նա պաշտպանում է ավանդական հավատքը մի քանի ուղղություններով. Աստված է Հավիտենական ու Մի (ԺԸ 1), Նա է բովանդակ արարչագործության Արարիչը (ԽԲ 21 և 25), և չնայած արարչագործության ակնհայտ գաղտնիքներին ու պարադոքսներին, Սիրաքի որդին սաղմոսերգուի նման խանդավառությամբ կանգնում է դրանց առաջ (ԺԶ 24-ԺԸ 14, ԼԹ 12-35, ԽԲ 15-ԽԳ 33): Աստված ամենագետ է (ԽԲ 18-25), այլև Նա է «բովանդակը», տիեզերքը կառավարում է արդարությամբ ու հոգատարությամբ (ԺԶ 17-23), ամեն ինչի համար ժամանակ է սահմանել և հատուցում է ըստ արժանվույն, Տերը ողորմած է ու ներողամիտ (Բ 13): Միով բանիվ, Աստված Հայր է, բայց ոչ միայն Իսրայելի, որովհետև մասնավորապես նրա Աստվածն է (ԺԷ 14), այլև յուրաքանչյուր մարդու համար (ԻԳ 1): Այս վերջին հանգամանքը հրեական աստվածաբանության մեծ առաջընթացի մասին է վկայում: Սիրաքի որդու դիրքորոշումն առ Աստված անսասան վստահության դիրքորոշում է, ինչը բացատրում է այն կարևոր տեղը, որ զբաղեցնում է աղոթքը նրա գրքում: Նրա բարեպաշտությունն առտնին լավատեսության հիմքն է (Լ 22-26), որը հաղթահարում է դժվարությունները և մարդու ճակատագրի հարցում նրա հայացքների որոշ վրիպումները:
Այդ ժամանակ փիլիսոփաները փորձում էին հաշտեցնել, մի կողմից, մարդու ազատությունը և չարի գոյությունը, մյուս կողմից՝ հավատն առ Բարի ու Ամենակարող Աստված: Չի կարելի ասել, թե Սիրաքի որդու պատասխանը գոհացուցիչ է. նա բավարարվում է երկու տարբեր բևեռների պահպանմամբ: Մարդն ազատ է ստեղծվել (ԺԵ 14), և նրանում է թաքնված չարության աղբյուրը (ԻԱ 30, ԻԵ 33), ոչ թե Աստծու մեջ. «Մի՛ ասա, թե հանուն Տիրոջ ապստամբեցի, քանզի պետք չէ անել այն, ինչ ատեց Տերը։ Մի՛ ասա, թե Նա՛ ինձ մոլորեցրեց, քանզի Նրան հարկավոր չէ մեղավոր մարդը։ Տերն ատեց բոլոր գարշելի բաները, դրանք հաճելի չեն Տիրոջից երկնչողներին։ Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին» (ԺԵ 11-13): Իսկ ըստ ռաբբիական մարդաբանության, սրտի արատավոր հակվածությունը մեծ նշանակություն ունի մեղքի գոյության մեկնության համար: Բայց մարդը կարող է վերահսկել այն, իսկ եթե հաղթի, ապա Աստծուց արդար հատուցում կստանա:
Ով լսում է Տիրոջը, կհանգստացնի իր մորը և իր ծնողներին կծառայի այնպես, ինչպես տերերին։
Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, և այն, ինչ հզոր է քեզանից, մի՛ քննիր։
Արդարև, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, և դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։
Մի՛ եղիր քո տան մեջ առյուծի պես և դաժան` քո ծառաների հանդեպ։
Որդյա՛կ, ուսո՛ւմ փնտրիր քո մանկությունից և մինչև ծերություն իմաստություն կգտնես։
Ամուսնացրո՛ւ քո դստերը, և դու մեծ գործ արած կլինես. տո՛ւր նրան իմաստուն մարդու։
Քո բոլոր գործերի մեջ հիշի՛ր վախճանդ և չես մեղանչի երբեք։
Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից և երկար մի՛ նայիր օտարի գեղեցկությանը։ Շատերը մոլորվեցին կնոջ գեղեցկությունից. դրանից կրակի նման սեր է բորբոքվում։
Ինչո՞ւ է հպարտանում մարդը, որ հող է ու մոխիր։
Մեղքի սկիզբն ամբարտավանությունն է, և ով ունի այն, նրանից պղծություն պիտի ժայթքի։
Ո՞վ է մարդու պատվական զավակը. նա, ով երկնչում է Տիրոջից։ Ո՞վ է մարդու անարգ զավակը. նա, ով զանց է առնում Տիրոջ պատվիրանները։
Ավելի լավ է նա, ով փողոց է մաքրում, քան նա, ով սիգալով ճեմում է, բայց մնում է հացի կարոտ։
Բարիքը, չարիքը, կյանքը և մահը, աղքատությունն ու հարստությունը Տիրոջից են։
Տիրոջ համար դյուրին է աղքատին անակնկալ հարստացնելը։
Մեկ ժամվա տանջանքը մոռացնել է տալիս հաճույքները, և մարդու վախճանի ժամին հայտնի են դառնում նրա գործերը։
Հավիտյան մի՛ հավատա քո թշնամուն, քանզի ինչպես պղինձն է ժանգոտում, այնպես էլ նրա չարությունը։
Թե՛ բարիք և թե՛ չարիք գործելիս մարդու սիրտը այլափոխում է նրա երեսը։
Ի՞նչն է ավելի լուսավոր, քան արեգակը, բայց նա էլ է նվազում. մարդու մարմինն ու արյունը չարի մասին են մտածում։
Ի՞նչ է մարդը, և ի՞նչ է նրա օգուտը։ Ո՞րն է նրա բարիքը, ո՞րն է նրա չարիքը։ Մարդու օրերի թիվն ինչքան էլ շատ լինի, հարյուր տարի է։ Ինչպես ջրի կաթիլը ծովի համեմատությամբ և խիճը` ավազի, այնպես տարիներն են սակավ հավիտենական օրերի համեմատ։ Սրա համար է, որ Տերը համբերատար է նրանց նկատմամբ և նրանց վրա հեղում է իր ողորմությունը։
Որքա՜ն ավելի լավ է հանդիմանել, քան ինքն իր մեջ զայրանալ։
Այլ բան է գողությունը և այլ բան` ստությունը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում։
Փախի՛ր մեղքից ինչպես օձից. եթե մոտենաս, կխայթի քեզ։ Մեղքի ժանիքներն առյուծի ժանիքներ են, որ սպանում են մարդկանց հոգիները։
Մեղավորների ճանապարհները հարթ են` քարերից մաքրված, բայց վերջը դժոխքի խորխորատն է։
Ով պահում է օրենքը, իշխում է իր մտքերին, և Տիրոջ երկյուղի վերջն իմաստությունն է։
Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է մեղքերի թողության համար։
Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քավություն կտա նրա մեղքերին։
Մտրակի հարվածը վերք է առաջացնում, իսկ լեզվի հարվածը ոսկորներ է փշրում։
Շատերն են ընկել սուսերից սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզվի երեսից։
Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։
Ողորմություն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից, թշնամու դեմ կճակատի քեզ համար հզոր վահանից և ծանր նիզակից ավելի։
Ով սիրում է որդուն, պետք է հաճախակի պատժի նրան, որպեսզի վերջում ուրախ լինի։
Ով խրատում է իր որդուն, նրանից օգուտ կտեսնի և նրանով կպարծենա։
Ով գուրգուրում է իր որդուն, նրա վերքերը կկապի, և նրա ամեն ճիչի հետ կգալարվեն նրա աղիքները։
Մարմնի առողջությունից ավելի մեծ հարստություն չկա և մարմնի խնդությունից` ավելի մեծ ուրախություն։
Անձնատուր մի՛ եղիր տխրությանը և քեզ մի՛ նեղիր քո խորհուրդներով։
Մարդու կյանքը սրտի ուրախությունն է և կյանքի երկարությունը` նրա ցնծությունը։
Սփոփի՛ր քո հոգին, մխիթարի՛ր քո սիրտը և քեզանից հեռու վանիր տխրությունը, քանզի շատերին սպանեց տխրությունը, և դրանից ոչ մի օգուտ չկա։
Նախանձն ու բարկությունը կարճացնում են կյանքի օրերը, և հոգսերը ծերացնում ժամանակից առաջ։
Ով հավատում է երազներին, նա նման է մեկին, որը փորձում է բռնել ստվերը և վազել քամու հետևից։
Մի՛ տուր քո սիրտը դրանց, քանզի շատերին մոլորեցրին երազները, և դրանց վրա հույս դնողները խոտորվեցին։
Առողջ քունը լինում է չափավոր ստամոքսի դեպքում. մարդ վեր է կենում արշալույսին, և նրա հոգին էլ թեթև է լինում։
Անկուշտ մարդն ունենում է անքնության ցավեր, սրտխառնուք և որովայնի խիթեր։
Ով մեղանչում է իր Արարչի առջև, նա կընկնի բժշկի ձեռքը։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 6287

Մեկնաբանություններ